Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական աստղագիտական արժեքները կներկայացվեն ՄԱՄ՝ «Նշանավոր աստղագիտական ժառանգության» ցանկում ընդգրկելու համար
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր քարտուղար Թերեզա Լագոն (Պորտուգալիա) տեղեկացրել է, որ հայտնի են դարձել ՄԱՄ բաժանմունքների և հանձնաժողովների նոր կազմերը, որոնք աշխատելու են 2021-2024թթ․։
Բյուրականի աստղադիտարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ C4 հանձնաժողովի («Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը») կազմում վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։
Ներկայումս այդ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։ Ըստ մտահղացման՝ այդ ցանկը ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։
Հայաստանի կողմից ներկայացվելիք ցանկը մշակվում է ԲԱ կողմից և իր մեջ ներառելու է հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը։