Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, հետ է կանչում ԵՄ-ում իր դեսպանին
Քաղաքական
12:02 29/06/2021
Աշխարհ

Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, հետ է կանչում ԵՄ-ում իր դեսպանին

Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով երկրի ԱԳՆ է կանչվել Բելառուսում  ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրկ Շյուբելը։ Բելառուսի ԱԳՆ հաղորդմամբ, դեսպանին ներկայացվել է Բելառուսի հստակ դիրքորոշումը․ ինքնիշխան և անկախ պետության վրա պատժամիջոցները որպես գործիք կիրառելու բացարձակ անընդունելիության վերաբերյալ:

Դիվանագետին տեղեկացվել է նաև, որ Բելառուսի Հանրապետությունը դադարեցնում է իր մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը: Բելառուսը սկսում է ԵՄ-ի հետ ռեադմիսիայի պայմանագրի կասեցման ընթացակարգի իրականացումը:

«Մենք չենք կարող կատարել այս Համաձայնագրով նախատեսված մեր պարտավորությունները՝ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում: Խորը ափսոսանքով հայտարարում ենք, որ Համաձայնագրի հարկադիր կասեցումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության հետ փոխգործակցության վրա ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԵՄ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում Մինսկ՝ խորհրդակցությունների համար: Բելառուսի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարին նույնպես հրավիրել են մեկնել Բրյուսել՝ խորհրդակցությունների, որպեսզի իր ղեկավարությանը փոխանցի բելառուսական կողմի դիրքորոշումը՝ ճնշման և պատժամիջոցների անընդունելիության վերաբերյալ»,-ասում է Բելառուսի ԱԳՆ-ն։

Բացի այդ, ի պատասխան արգելվելու է մուտք գործել Բելառուս եվրոպական կառույցների ներկայացուցիչներին և Եվրամիության երկրների այն անձանց, ովքեր նպաստել են սահմանափակող միջոցների ներդրմանը: Բելառուսական կողմը շարունակում է մշակել պատասխան այլ միջոցառումներ, այդ թվում ՝ տնտեսական բնույթի:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եվրամիությունը լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի դեմ` ուղղված հիմնական արտահանման արդյունաբերություններին և ֆինանսավորման հասանելիությանը` անցյալ ամիս Ryanair-ի ինքնաթիռը ռումբի կեղծ ահազանգի արդյունքում Մինսկում իջեցնելու ու  ընդդիմադիր լրագրողին ձերբակալելու պատճառով։

Placeholder
Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Արևելյան գործընկերությանը, հետ է կանչում ԵՄ-ում իր դեսպանին