Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել
Իրավունք
17:35 29/06/2021
Հայաստան

Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել

Բաքվի առանձնապես ծանր հանցագործությունների դատարանում այսօր 14 հայ գերիների մեղադրական եզրակացությունն են ընթերցել։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ադրբեջանի կողմից գերեվարվածներին մեղադրում են ահաբեկչության մտադրության համար։

Ըստ ներկայացված մեղադրանքի, իբր նրանք ունեցել են ապօրինի զենք, պայթուցիկ սարքեր ու նյութեր, նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 13-ը եղել են Հադրութի անտառներում՝ կազմակերպելով հրդեհներ ու այլ «ահաբեկչական գործողություններ»։

Գերեվարված հայերին մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի չորս հոդվածներով։ Նշվում է, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի կողմից ու ուղարկվել է դատարան։ 

Հիշեցնենք, որ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, խոսելով հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարության մասին, ընդգծել էր Բաքվի կողմից մի շարք իրավունքների խախտման մասին։

«Նախ և առաջ դրանց չեն մասնակցում գերիների հարազատները, ուստի կարող ենք ասել, որ խախտված է հրապարակային դատավարության իրավունքը։ Մանվել Սարիբեկյանի գործոց Եվրոպական դատարանն ասել է, որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ քրեական գործի շրջանակներում։ Բացի այդ, Ադրբեջանը պարտավոր էր տրամադրել կապի միջոցներ, որպեսզի նրանք շփվեն իրենց հարազատների հետ։ Սա որպես մեղադրանքից պաշտպանվելոի իրավունքի բաղկացուցիչ մաս։ Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվում, դատավարություն չէ, իմիտացիա է, քանի որ մենք չենք տեսնում պրիմիտիվ պայմանների ապահովում։ Մենք չգիտենք, թե նրանք օգտվել են հակընդդեմ հարցման իրավունքից»,- ասել էր Ղազարյանը։

Placeholder
Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել