Կարծիք կա, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է. Արման Աբովյան
Քաղաքական
12:39 30/06/2021
Հայաստան

Կարծիք կա, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է. Արման Աբովյան

ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը  խնդրեց նախագծի հեղինակներից մանրամասնել, թե ինչ փոփոխություններ են առաջարկում:

«Կարծիք կա, որ այսօր առաջարկվող փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու ձերբակալման պատճառները: Կխնդրեի հեղինակներին մանրամասնել, քանի որ կա կարծիք՝  սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է», - նշեց Արման Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նախ ասաց, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է այս նախագիծը:

«Իմ մոտեցումն է՝ որևիցե անմեղ մարդ որևէ հանգամանքում չպետք է հայտնվի անազատության մեջ, և որևիցե մեղավոր մարդ չպետք է օգտվի արդարադատության համակարգի թերություններից։

Այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։ Այն պարզապես հստակեցնում է այն չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոնց պարագայում՝ ոչ»,- նշեց իմքայլական պատագամավորը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունը կատարելիս մանրամասն ուսումնասիրվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը, Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, ՄԻԵԴ վճիռները համապատասխան կարգավորման առոնչությամբ:

«Այս կարգավորումները գրեթե նույնությամբ նախատեսված են նաև Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, որը երկար տարիներ քննարկումների արդյունքում մշակված է, հանրային քննարկումների լայնածավալ փուլ է անցել»,- ասաց արդարադատության փոխնախարարը: 

Placeholder
Կարծիք կա, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է. Արման Աբովյան