«Բարեկամության շառավիղներ» համերգը լուսաբանելու համար Իտալիայից ՀՀ են ժամանելու հայտնի լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր
Մշակույթ
13:31 30/06/2021
Հայաստան

«Բարեկամության շառավիղներ» համերգը լուսաբանելու համար Իտալիայից ՀՀ են ժամանելու հայտնի լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին 19.00-ին՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։

Ծրագրում կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև կկայնա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Իրադարձությանը աջակցում են Իտալիայի Հանրապետության մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը:

Այս նշանակալից իրադարձությունը լուսաբանելու նպատակով Իտալիայից Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի հայտնի լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր:

Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի։

Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը: «Երևանյան հեռանկարներ» և Ռավեննա փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ և դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:


 

Placeholder