Այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները. Սոֆիա Հովսեփյան
Կրթություն, գիտություն
13:21 30/06/2021
Հայաստան

Այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները. Սոֆիա Հովսեփյան

«Չպետք է արկածախնդրությամբ մոտենալ հարցին, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների տանը մնալու խնդիրն ամենալուրջն է մեզ համար, այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրեննրի հետ, որոնք ասոցիացիա են ստեղծել և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ։ Դրանք փոխանցել է ԿԳՄՍ և Առողջապահության նախարարություններին:

Հովսեփյանը պարզաբանեց, որ «Լիցենզիայի մասին» օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր և մի շարք այլ փաստաթղթեր, բայց առողջապահության նախարարության ոլորտի գործող կարգերը և հետագայում մշակվելիքները լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավոր մանկապարտեզների համար և հնարավոր է ինչ-ինչ պատճառներով դրանք փակվեն:

Նրա խոսքով՝ այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները, և հիշեցրեց, որ ԱԺ հանձնաժողովում քննարկման ժամանակ դրական է ընդունվել այդ մանկապարտեզների փակումը, որին համակարծիք է եղել նաև Առողջապահության նախարարությունը:

Սոֆիա Հովսեփյանն ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկեց կամք դրսևորել, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեի և Առողջապահության նախարարության մշակած կարգերը լինեն այնպես, որ նպաստեն նախադպրոցական կրթությանը, այլ ոչ թե քայքայեն:

«Մանկապարտեզների արդեն գործող թվի պակաս կա և այն պետք է զարգացնել, ոչ թե դեգրադացնել»,- ասաց պատգամավորը:

Placeholder