Ռուս սակրավորները պայթուցիկներից ամբողջությամբ մաքրում են Մարտունու շրջանի բնակավայրերը և դաշտերը
Տարածաշրջան
11:39 02/07/2021
ԼՂՀ

Ռուս սակրավորները պայթուցիկներից ամբողջությամբ մաքրում են Մարտունու շրջանի բնակավայրերը և դաշտերը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանումները շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ առարկաներից:Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Վերջին օրերին ռուս զինծառայողները Մարտունու շրջանի բնակավայրերում և գյուղատնտեսական նշանակության հողերում պայթուցիկ առարկաներ և չպայթած զինամթերք են որոնել:

«Այսօր մեր խնդիրն է պայթուցիկներից ամբողջությամբ մաքրել Մարտունու շրջանի բնակավայրերը: Մենք օրական ականազերծում ենք ավելի քան մեկ հեկտար հող և շարունակում ենք մեր աշխատանքը»,- ասում է ականազերծման մարդասիրական խմբի զինծառայող Ալեքսեյ Վոյտիցևը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ աշխատանքի ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխում են հատուկ սարքավորված «Բալիջա» պոլիգոն՝ հետագա ոչնչացման համար:

Բացի այդ, մարդասիրական ականազերծման ստորաբաժանումն արձագանքում է վարչական շրջանների դիմումներին, երբ տեղի բնակիչները պայթուցիկ առարկաներ են գտնում:

Արոտավայրում տեղի բնակիչներից մեկը գտել էր տեղափոխման ոչ ենթակա պայթուցիկ առարկա: Ռուս սակրավորներն անմիջապես գնացել են այդ վայրը և հայտնաբերված արկը ստուգելուց ու դասակարգելուց հետո որոշում են կայացրել այն ոչնչացնել տեղում:

«Այսօր մենք արոտավայրերից մեկում պայթունավտանգ օբյեկտ հայտնաբերելու մասին դիմում ստացանք: Տեղ հասնելուն պես՝ պարզեցինք, որ այն արգելվում է տեղափոխել, ուստի որոշվել է այն վերացնել տեղում պայթուցիկի լիցքի միջոցով»,-ասել է մարդասիրական ականազերծման խմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2,157 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ առարկա:
 

Placeholder
Ռուս սակրավորները պայթուցիկներից ամբողջությամբ մաքրում են Մարտունու շրջանի բնակավայրերը և դաշտերը