Պուտինը Մակրոնի հետ դիտարկել են Արցախի խնդիրը նաև Մինսկի խմբի միջոցով կարգավորելու տարբերակը
Քաղաքական
10:47 03/07/2021
Տարածաշրջան

Պուտինը Մակրոնի հետ դիտարկել են Արցախի խնդիրը նաև Մինսկի խմբի միջոցով կարգավորելու տարբերակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային հարցերի շուրջ Մոսկվայի ու Փարիզի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

«Նշվել է, որ Բրեգանկոնում 2019-ի օգոստոսին երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները Եվրոպայում անվտանգության և վստահության նոր կառուցվածք ձևավորելու ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մնում են արդիական»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Պուտինը և Մակրոնը կողմ են արտահայտվել Ուկրաինայի հարավ-արևելքի շուրջ բանակցությունների արագացմանը, նրանք նշել են, որ Մինսկում ընդունված փաստաթղթերը մնում են հակամարտության կարգավորման անվիճելի միջոց:

Ռուսաստանի ղեկավարը մատնանշել է Կիևի ապակառուցողական գործողությունները:

Բանակցությունների ընթացքում արծարծվել է նաև Արցախի վերաբերյալ ստորագրված եռակողմ համաձայնագրերի թեման:

«Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպական գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահները պատրաստակամություն են հայտնել համակարգել կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:

Հաղորդվում է նաև, որ Մակրոնը հետաքրքրություն է ցուցաբերել հունիսի 16-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ և Պուտինը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է ձեռք բերված հիմնական արդյունքները:
 

Placeholder
Պուտինը Մակրոնի հետ դիտարկել են Արցախի խնդիրը նաև Մինսկի խմբի միջոցով կարգավորելու տարբերակը