Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աֆղանստանում «Թալիբան» շարժումը գրավում է նոր տարածքներ, երբ ՆԱՏՕ-ի զորքերը շարունակում են դուրս գալ
«Թալիբան» շարժումը վերջին օրերին Աֆղանստանում շարունակում է տարածքներ գրավել աֆղանական ուժերից՝ մինչ ՆԱՏՕ-ի զորքերը շարունակում են դուրս գալ երկրից:
Պաշտոնյաները կիրակի օրը հայտնել են, որ մի քանի հարյուր աֆղանական անվտանգության ուժեր փախել են հյուսիսային սահմանից դեպի Տաջիկստան՝ մինչ «Թալիբան» շարժման մարտիկները շարունակում էին թափ հավաքել՝ գրավելով մի քանի շրջան: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ ապրիլի կեսերից, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանի «ընդմիշտ պատերազմը» դադարեցնելու մասին, թալիբները հաջողություններ են գրանցել ամբողջ երկրում:
Բայց նրանց ամենանշանակալից նվաճումները գրանցվել են երկրի հյուսիսային կեսում։ Այժմ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր 421 շրջանների և շրջկենտրոնների մոտ մեկ երրորդը:
Վերջին օրերի հյուսիսարևելյան Բադախշան նահանգում առաջընթացը հիմնականում տեղի է ունեցել առանց կռվի, ասում է նահանգի խորհրդի անդամ Մոհիբ-ուլ Ռահմանը: Նա թալիբների հաջողությունների համար մեղադրել է զորքերի վատ բարոյական վիճակին, որոնք չեն ստանում նաև զենքի մատակարարումներ:
«Ցավոք, շրջանների մեծամասնությունն առանց որևէ կռվի մնաց Թալիբանին», - ասել է Ռահմանը:
Վերջին երեք օրվա ընթացքում 10 շրջան է անցել թալիբներին, 8՝ առանց կռվի:
Հյուսիսում թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքները ավելի ռազմավարական են` անցնում են Աֆղանստանի սահմանով` Կենտրոնական Ասիայի պետությունների հետ: