«Գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ.միջազգային կոնվենցիաներով  միևնույնն է վերադարձվելու էին»
Իրավունք
14:13 06/07/2021
Հայաստան

«Գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ.միջազգային կոնվենցիաներով միևնույնն է վերադարձվելու էին»

«Ես գտնում եմ, որ քաղաքական աշխատանքներում թերանալու հետևանքով  է, որ մենք պատժամիջոցների հարցում արդյունքներ չունենք»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպած տեսակապով քննարկման ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում ռազմագերիներով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:  

Քննարկումը ծավալվեց «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» խորագրի ներքո:

Փաստաբանը վստահություն հայտնեց, որ եթե եվրոպական կառույցները տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Բաքվի նկատմամբ, ապա կառավարելի դաշտ կբերեն Ադրբեջանի գործողությունները, բայց այն չի արվում: 

Սիրանուշ Սահակյանը համազված է, որ Եվրոպան ճնշման նման մեխանիզմները ունի, որի կիրառման փորձը հայտնի է Ռուսաստանի և Բելառուսի օրինակներով:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կազմակերպած դատավորությունները արհեստական են և որպես շղարշ են օգտագործվում գերիների վերադարձի  հետաձգման համար, որպեսզի այդ ընթացքում ավելի շատ քաղաքական և ռազմական օգուտներ ստանան:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ Ադրբեջանը փորձում է գերիներին դարձնել քաղաքական առևտրի առարկա, որի լավագույն ապացույցը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունն էր, որն իր գրասենյակի ջանքերով հասցվել է միջազգային հանրությանը:

Նա գտնում է, որ նման փաստերը պետք է հնարավորինս հրապարակայնացնել, որպեսզի արտերկրում ճիշտ պատկերացում կազմվի խնդրի վերաբերյալ:

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ վերջերս Ստրասբուրգում բավականին բարձր մակարդակի քննարկումներ է ունեցել եվրոպական ղեկավարության  հետ և եկել է այն համոզման, որ չպետք է թույլ տալ, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի պատկերացում, որ գերիների վերադարձի գործընթաց է ընթանում:

Նա պնդեց, որ գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ, քանի որ միջազգային կոնվենցիաներով գերիները միևնույնն է վերադարձվելու էին:

Հայաստանի ՄԻՊ-ը պնդեց, որ կառավարությունը չպետք է անտեսի նաև միջազգային այլ կազմակերպություներում աշխատանքը և բերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և բարձրագույն մարմիններ նամակ գրելու և շինծու դատավարությունները  քաղաքական նպատակներով օգտագործելու և սակարկելու փորձը:

Թաթոյանը նկատեց, որ պետք է միջազգային շատ հարթակներում ձևավորել դիրքորոշումներ և դրանք որպես փաստարկ օգտագործել նաև ՄԻԵԴ-ում:

Հայաստանի օմբուդսմենը համոզված է, որ գերիների վերադարձի խնդիրն լուծելուց բացի պետք է ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր ստեղծել, որպեսզի դրանք կանխարգելիչ լինեն նաև հետագայի համար:

ՄԻԵԴ ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հայտնեց, որ ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող հրատապ միջանկյալ միջոցներն արդյունավետ են և Հայաստանի ներկայացրած բոլոր դիմումներն էլ բավարարվել են:

Նրա խոսքով՝ դրանց նպատակն է Ադրբեջանին պարտավորեցնել գերեվարվածների նկատմամաբ կիրառել պատշաճ վերաբերմունք՝ Ժնևի կոնվենցիային համապատասխան, որպեսզի չխախտվեն երկու առանցքային հիմնաքարային 2-րդ և 3-րդ հոդվածների պահպանման պահանջները:
 

Placeholder
«Գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ.միջազգային կոնվենցիաներով միևնույնն է վերադարձվելու էին»