Արցախի տարածքի ականազերծման պլանավորված ծրագրի ավելի քան 80 %-ն իրականացվել է.ՌԴ ՊՆ
Քաղաքական
10:36 09/07/2021
ԼՂՀ

Արցախի տարածքի ականազերծման պլանավորված ծրագրի ավելի քան 80 %-ն իրականացվել է.ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումը շարունակում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնել: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս պահին ռուս զինծառայողները Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի շրջակայքում որոնում են պայթուցիկ նյութեր և չպայթած զինամթերք:

«Գյուղում, որտեղ բնակիչների տները կառուցված են լեռնային տեղանքի թեքությունների վրա, ականազերծման աշխատանքներն իրականացվում են ականի դետեկտորների IMP-S2 և «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչների միջոցով»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Զինծառայողներն առաջին հերթին ստուգում են գյուղի երկու հատվածները միմյանց կապող ճանապարհը, տնամերձ տարածքներն և հարակից այլ հատվածները:

«Մարտունու շրջանի բնակավայր հասնելուն պես մենք սկսեցինք տարածքը մաքրել պայթուցիկ օբյեկտներից: Տեղի բնակիչների հետ շփման ընթացքում պարզվել է, որ այս տարածքում կա չպայթած զինամթերք: Մինչ օրս ստուգվել է ավելի քան 1500 հա տարածք: Աշխատանքները կշարունակվեն ևս մեկ շաբաթ»,- ասել է մարդասիրական ականազերծման խմբի զինծառայող Եվգենի Խոլոդովը:

«Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորված Բալիջայի պոլիգոն ոչնչացման համար:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2,173,5 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ նյութ: Արցախի տարածքի ականազերծման պլանավորված ծրագրի ավելի քան 80 %-ն իրականացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Placeholder