Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ում մեկնարկում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը
Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական 4 ուժի դիմումների դատաքննությունը:
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ԿԸՀ-ից կմասնակցի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են դատախազությանը, ոստիկանությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով: