Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցության՝ գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ որոշում կայացնելու:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ գործի նյութերի հետազոտման կարգը որոշելու համար լսվելու է կողմերի դիրքորոշումները: Նա նշեց, որ այս գործով որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի ութ օր:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կողմերը պետք է ունենան հավասար հնարավորություն դիմումի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։ Նրա խոսքով, յուրաքանչյուր դիմող կողմի դիրքորոշումը ներկայացնելուց հետո պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, պետք է արձագանքի։
ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանն ասաց, որ յուրաքանչյուր դիմումին առանձին արձագանքելու համար իրենց լրացուցիչ ժամանակ պետք կլինի:
«Հայաստան» դաշինքի նեկայացուցիչ Արամ Վարդևանյանն առաջարկեց յուրաքանչյուր դիմումատուի համար սահմանել առնվազն 1,5 ժամ:
Գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցության:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր ժամը 11:00-ից: