Շիրակի մարզում սիբիրյան խոցի նոր դեպքեր են գրանցվել
Առողջություն
18:46 10/07/2021
Հայաստան

Շիրակի մարզում սիբիրյան խոցի նոր դեպքեր են գրանցվել

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում երկու կնոջ մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց։ Panorama.am-ի հետ զրույցում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, որ նրանց վիճակը միջին ծանրության է, նշանակվել է համապատասխան բուժում։ Նրա կարծիքով, կանայք դեռ երկար կմնան իրենց մոտ։

«Միսը գնել են իրենց համագյուղացուց, մշակելուց վարակվել են, խոցերը գտնվում է ձեռքերի մատների վրա»,- ասաց նա։

Աստղիկ Բեյբությանի խոսքով, կանայք նախքան հիվանդանոց դիմելը զբաղվել են ինքնաբուժությամբ, սպիրտով են մշակել վերքերը, եզան լեզու են դրել, տարբեր քսուկներ օգտագործել, սակայն երբ տեսել են որ վերքերը խորանում են, ստիպված դիմել են բժշկի։

Սիբիրյան խոց ախտորոշմամբ բժշկական հաստատություն է դիմել ընդհանուր 10 քաղաքացի։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել։ Ա. Բեյբությանը հայտնեց, որ այս պահին հիվանդանոցում բուժվում է 8 քաղաքացի, միջին վիճակից անցնում են թեթև վիճակի, մոտ օրերս դուրս կգրվեն։

Placeholder