Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ն մերժեց Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:
Նախ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց ՍԴ կայացրած որոշումները դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունների վերաբերյալ։
ՍԴ-ն բավարարել է միջնորդությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում ՍԴ ներկայացնել իր և ՄԻՊ աշխատակամզի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում կատարած մշտադիտարակումների արդյունքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցները կամ հաղորդումները։
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի մեկ այլ միջնորդություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրել դատարան։
Ա. Դիլանյանի խոսքով, միջնորդությունը մերժվել է նկատի ունենալով, որ Սահմանադարական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է՝ դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը մինչդեռ նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի։
Նշենք, որ երեկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հանդես էր եկել միջնորդություններով։ Նա մասնավորապես նշել էր, որ ուզում է Հանրապետության նախագահից դատարանում լսել՝ իր վրա որևէ ճնշում, հարադրանք չի եղել, միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին:
Այսօր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ իր կողմից միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ էր եղել և հիմա շտկում է ու առաջարկում է Հանրապետության նախագահին սույն գործով ներգրավել որպես վկա Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածով։
«Սրա հիմնավորումն այն է, որ գործով երեք դիմողները հարց են բարձրացրել, որի պատասխանները ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ։ Սա գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Էական հանգամանք է նաև հանրության համար։
Իմ ներքին համոզմունքը կայանում է դրանում, որ կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, գնահատական տա դիմողների բարձրացրած հարցերին և գնա առաջ։
Իմ մտահոգությունը պայմանավորված է դրանով, դատարանն այդ հարցի պատասխանը չի կարող ստանալ այլ կերպ, քան նախագահին որպես վկա ներգրավելու և այդ հարցերի պատասխաններն իրենից ստանալու միջոցով։ Ուստի առաջարկում եմ Հանրապետության նախագահին սույն գործով ներգրավել որպես վկա»,- ասաց Հրայր Թովմասյանը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց շարունակեց լսել դիմող «Հայաստան» դաշինքի բացատրությունները, միջնորդություններին անդրադառնալ մոտակա ընդմիջմանը։ Դատավորների մեծամասնության որոշմամբ միջնորդությանը կանդրադառնան ընդմիջումից հետո խորհրդակցության սենյակում։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին: