Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան
Իրավունք
11:44 10/07/2021
Հայաստան

Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան երեկ սկսել էր ներկայացնել իրենց դիմումը,  որը սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ ընդմիջվեց։

Այսօր Արամ Վարդևանյանը շարունակեց ներկայացնել իրենց դիմումում առանձնացված հանգամանքները։

Նա ներկայացրեց զինծառայողների ընտրության վերաբերյալ հանգամանքը, ինչն առանջնային նշանակություն ունեցող հարց է։

«Զինծառայողների քվեարկության գործընթացը բացառապես գաղտնի է։ Այդ գաղտնիությունը չի տարածվում բացառապես մեկ սուբյեկտի համար՝ քաղաքական, իշխանական, վարչական լծակ ունեցող միավորի, որը մասնակցում է  քվեարկությանը։

Զինծառայողներին բերում են ընտրատեղամաս։ Երբ նախկինում խոսում էին, որ մարդկանց մեքենաներով բերեցին տեղամաս, բոլորն ասում էին՝ դա ընտրախախտում է։

Հիմա պատկերացրեք՝ եթե մարդկանց բերում են  ընտրատեղամաս փաստացի իրենց վերադասի իրավահարաբերության մեջ գտնվող անձ։ Հերիք չէ նման անձ բերում է  ընտրատեղամաս, մի հատ էլ  ռազմական ոստիկանության ծառայողներն էլ հսկում են պրոցեսը։ Դրա վերաբերյալ տեսանյութեր էինք հրապարակել»,- ասաց Ա. Վարդևանյանը։

Նա նշեց, որ հիմա այս պայմաններում ինչպե՞ս կարող են քաղաքական գործընթացին  մասնակցող ուժերն ապահովել վերահսկողություն, երբ ոչ մեկ չի տեղեկացնում, թե որտեղ են քվեարկելու զինծառայողները. «Հարց է առաջանում՝ դրա գաղտնիության  հատուկ պահպանման ռեժիմի օրենսդրական նպատակը ո՞րն է եղել»։

Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ զինծառայողների առհասարակ քվեարկության  սկզբից մինչև վերջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության թե  7-րդ, թե 75-րդ հոդվածին, ուղղակի չի կարող։

«Չի կարող լինել մի իրավիճակ, որ  ցուցակներն ամբողջությամբ գաղտնի են»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։  

Նա նաև հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցած 109 հազար 618 քաղաքացու դեպքում նրանց անձնագրերը չեն աշխատել։

«Արդյո՞ք նորմալ է, որ ընտրություններին մասնակցում է 1 միլիոն 281 հազար մարդ, որոնցից 109 հազար 618-ի անձնագիրը չի աշխատունմ։ Ուղղակ չի աշխատում։ Այդ 109 հազար 618-ի քվեի մասով վստահությունը դնում ենք բացառապես մասնագետի վրա, մասնագետ, որը կարող է այդ պահին լրացնել այլ անձի տվլալ։ Ենթադրենք Արամ Վարդևանյանը մասնակցելով քվեարկությանը չաշխատող  անձնագրով, դառնում է լրիվ այլ անձ, որն, օրինակ, տևական ժամանակ բնակվում է  ՌԴ-ում  ու չի վերադարաձել Հայաստան, և մենք ունենում ենք ընտրակեղծարարության դասական հստակ աշխատող մեխանիզմ»,- ասաց Ա. Վարդևանյանը։

Նա ընդգծեց՝ 109 հազար 618 դեպքը բացառություն չէ, սա արդեն օրինաչափության տարրեր է պարունակում։ Ա. Վարդևանյանը բերեց նաև հստակ օրինակ։

Նա ներկայացրեց դիմումում առկա այլ հանգամանքներ ևս, իսկ վերջում նշեց, որ սույն վեճի լուծումը նաև ուղենշային է լինելու ՀՀ-ում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից, կարծում է՝ այդ մասով էլ այս վեճի լուծումն առանցքային նշանակություն է ունենալու։

«Այո, մենք գտնում են, որ անվավերության հիմքերն առկա են, միանշանակ պնդում ենք։ Պնդում ենք, որ առհասարակ ընտրություն արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը կան։ Դրանք պայմանավորված են ընտրական ոլորտում թե քանակական, թե որակական այն  իրավախախտումների հետ կապված, որոնք ներկայացրեցինք։

Բարձր դատարանին խնդրում ենք՝ եթե  արձանագրվում է  անվավեր ճանաչելու հանգամանքը, օգտվել կամ –կամ հնարավորությունից՝ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:

Դատական  նիստի ամբողջ ընթացքը՝ տեսանյութում։

Placeholder
Զինծառայողների քվեարկության ողջ գործընթացը որևէ կերպ չի կարող համապատասխանել Սահմանադրության կոնկրետ հոդվածներին. Վարդևանյան