Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
Իրավունք
12:53 11/07/2021
Հայաստան

Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան

«Ընտրությունից հետո Փաշինյանի  չագուչը ողջ թափով և հզորությամբ գործի է անցել և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ բռնության և սպառնալիքների մթնոլորտը չի սահմանափակվել միայն հրապարակային կոչերով ու արտահայտություններով, ինչպես ընտրությունների ընթացքում, այդպես էլ դրանից  հետո դրսևորվել է կոնկրետ գործողություններով ու հետևանքներով։ Նա հիշեցրեց Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքը, ով վերահասատատել էր այդ միտքը, նշելով՝ «մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է,  ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի ու միանշանակ ծառայի հաղթած ուժին»։

«Կարծում եմ՝ ողբալի է այն երկրի անվտանգության վիճակը, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը չի գիտակցում, որ պետական համակարգը, հանրային ծառայությունը պետք է ծառայի ոչ թե հաղթած ուժին, այլ պետք է ծառայի պետությանը»,- ասաց նա։

Դ. Հարությունյանի խոսքով, աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել պարտադրվել է համայնքային ծառայողների, դպրոցների տնօրենների, ՊՈԱԿ-ների աշխատակիցների, որոնք անդամակցում են ընդդիմադիր կուսակցություններին։ Ընտրություններից հետո իշխանությունների ճնշման արդյունքում հրաժարականի դիմում են ներկայացրել եզդիական 4 համայնքների ղեկավարներ, որտեղ քաղաքական իշխող ուժը պարտվել էր։ 

«Իշխանություններն ակտիվ քայլեր են ձեռնարկում, որ պաշտոնից հեռանան այն համայնքապետերը՝ մի կողմից, որոնց համայնքներում իշխանությունները պարտվել են, նաև այն ընդդիմադիր համայնքապետերը, որոնց համայնքներում իշխանությունները հաղթել են։

Քաղաքագիտության մեջ սա անվանվում է  ոչ այլ ինչ, քան դիկտատուրա, այսինքն ոչինչով չսահմանափակված իշխանություն»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, Փաշինյանի բռնության կիրառման սպառնալիքներն ու ահաբեկումները իրական վտանգ են ներկայացրել և մարդկանց մտավախությունը նախընտրական շրջանում և նրանց զգուշավորությունը լիովին արդարացված է։

Դ. Հարությունյանի խոսքով, մտահոգիչ ու վտանգավոր է  այն հանգամանքը, որ բռնության և սպառնալիքի մթնոլորտն ուղեկցվել է իրավապահ մարմինների անգործությամբ և աջակցությամբ։
 

Placeholder
Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան