Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի բացառիկ դեպքերում. Մուկուչյան
Իրավունք
18:04 11/07/2021
Հայաստան

Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի բացառիկ դեպքերում. Մուկուչյան

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանում, որ թույլտարված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորություն»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ասաց պատասխանող կողմը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ նրա մոտեցման, այսինքն՝ բավարար չէ խախտումների պարզ թվարկում, պահանջվում է ապացույցել, որ հատկապես այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը։

«Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։

Հետևաբար, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով, պատասխանող  Ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ քաղաքական 4 ուժերի կողմից ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։

Դատաքննության ընթացքը՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։ 

Placeholder