Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
Իրավունք
11:33 12/07/2021
Հայաստան

Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն ընտրախախտումների հետ կապված:

«Պարոն Մուկուչյան, դուք ասում եք, որ ընտրությունների արդյունքում տեղի չեն ունեցել աննախադեպ քանակի ոչ ընտրակաշառքներ, ոչ ընտրախախտումներ: Բայց հարց տամ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 2021 թվականի հունիսի 19-ի հայտարարում է՝ տեղի են ունեցել և արդեն իսկ  բացահայտված են աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքեր և աննախադեպ քանակի ընտրական այլ խախտումներ:

Ուզում եմ հասկանալ՝ ձեր բոլոր պնդումները և պետության ամենաինֆորմացված մարդու այս արտահայտությունն ընտրությունից մեկ օր առաջ՝ ինչպե՞ս համադրեմ: Ընդ որում, հաշվի առեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գրեթե բոլոր ընտրություններին, խայտառակ է որակել 2008-ի, 2013-ի, 2017-ի ընտրությունները: Եթե այս պահին հայտարարում է աննախադեպ խայտառակ, սա նշանակում է, որ այս ընտրությունների խայտառակությունը մի քանի անգամ ավելի շատ են, քան նախկին բոլոր ընտրությունները:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Ես իմ պնդումները, որոնք ներկայացրել եմ հանձնաժողովի անունից, ըստ էության պնդում եմ»:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

Placeholder