Հայաստանում հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը. Սաղաթելյան
Քաղաքական
16:39 13/07/2021
Հայաստան

Հայաստանում հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը. Սաղաթելյան

«Երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ ու հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով հետընտրական իրավիճակը Հայաստանում:

Նա նշեց, որ այդ անձը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ ուժային կառույցներին և իրավապահներին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ, առհասարակ «Հայաստան» դաշինքի աջակիցների, համախոհների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Ի. Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանում շատ հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը, և այն բոլոր ուժերն ու անհատները, որոնք ազգային դիմադրողականության պահպանողներն են, փորձում են նրանց մեկուսացնել և շարքից դուրս հանել:

«Պատահական չէ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Սյունիքում, նաև Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին: Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարների նկատմամբ այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականացվում և մարդկանց փորձում են ձերբակալել ու կալանավորել:

Այս ամեն ինչը մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նա նշեց, որ քաղաքական հետապնդումները շարունակվում են, իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտան կոտրեն հայ ժողովրդի դիմադրողականությունը, ապօրինի մեղադրանքներով մեկուսացնեն իրենց համակիրներին:

«Նիկոլի ձեռքը ճար լինի՝ մեզ քվեարկած 270 հազար քաղաքացիներին հատ-հատ կձերբակալի: Ակնհայտ է, որ փորձելու են ճնշումները շարունակել, բայց մի շատ կարևոր հանգամանք, փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու, մեզ մեր պայքարից հետ չի պահելու, բոլոր ուղղություններով  պայքարը շարունակվում է»,- ասաց նա:

Հարցին՝ «առաջիկայում սպասվող ցավոտ որոշումներ» ասելով ի՞նչ են հասկանում, Ի. Սաղաթելյանն ասաց. «Այն բոլոր հարցերը, որոնց մասին պարբերաբար խոսվում է: Միջանցք, որի անունն այսօր փոխել են, ճանապարհ են ասում, բայց հասկանում ենք ինչ է նշանակում, անկլավները, գիտենք, որ այդ խնդիրը դրված է բանակցությունների սեղանին, առհասարակ Արցախի հարցն ու ճակատագիրը:

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հողատու իշխանություն է, երեք տարում արեց այն, ինչ 30 տարվա մեջ թշամին չկարողացավ անել մեր պետության և ժողովրդի նկատմամբ անել:

Որքան էլ փորձեն ասեն՝ նախկինները, նախկինների ժամանակ, փորձեն գտնել մեղավորների, բայց փաստ է չէ՞, որ այս աղետը, դժբախտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, և սրա մեղավորն ու պատասխանատուն այսօրվա իշխանությունն է»:

Ըստ նրա, այս ընտրությանների արդյունքները իրենք չեն կարող համարել հաղթանակ և արդարացում այն ամեն ինչի, ինչ որ կատարվել է մեր պետության և ժողովրդի հետ:

Placeholder
Հայաստանում հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը. Սաղաթելյան