Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան
Իրավունք
11:46 13/07/2021
Հայաստան

Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան

«Այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, որը նախատեսված է նաև Սահմանդրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը մեր սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝  պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վարչապետի պաշտոնավարաման շարունակականության սահմանադրականության վերաբերյալ հարցին:

Նա նշեց, որ չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ:

Դ. Հարությունյանը վստահեցրեց, որ երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնությանը,  հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է:

«Սահմանադրի տրամաբանությունն ամենևին  շաղկապված չէր վարչապետի հրաժարականի  ինստիտուտի այլ նպատակներով օգտագործելու համար: Իսկ վարչապետը հրաժարական է տալիս, որպես կանոն, օրինակ, իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի ինչ-որ կորուստ, երկրի ներսում տեղի է ունենում այնպիսի երևույթ, որը խոսում է  այն մասին, որ  այս անձը այլևս չի կարող  ղեկավարել  գործադիր իշխանությունը: Այսինքն հրաժարական տալու ինստիտուտը բառացի էլ նույնն է նշանակում՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից:

Իսկ ֆոկուսներով՝ այդ պարագայում հրաժարավեցի, բայց այդքան էլ  չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ, բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- ասաց նա:

Դ. Հարությունյանի կարծիքով, այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը էապես տարբերվում է  ողջ կառավարության  հրաժարական ներկայացնելուց, ակներև է, բազմաթիվ են օրինակներ նաև նույն մոդելի այլ երկրներում:

«Գրեթե հնարավոր չէ գտնել երկիր, կամ 1-2 երկիր, որտեղ հակառակ մոդելն է, երբ  վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել:

Մեկ անգամ ևս ուզում եմ սահմանազատել՝ խոսքը չի վերաբերում, երբ վարչապետը կառավարության կազմի մեջ հրաժարական տվեց, բայց երբ վարչապետը հրաժարական է  տալիս, վարչապետը լքում է այդ  պաշտոնը և փոխվարչապետների ինստիտուտը շատ հաճախ ամրագրված է հենց Սահմանադրությամբ նաև այդ պատճառով»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:

Placeholder
Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան