Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առաջին անգամ Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի ընթացքում արձանագրվեց ընտրախախատման փաստը, այսինքն՝ ընդունվեց իրավասու մարմնի կողմից, որ ընտրախախտում է տեղի ունեցել»,- ՍԴ-ում լրագրողներին ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։
Ըստ նրա, սա էական ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի կողմից ապագայում կայացվելիք որոշման վրա:
«Ընտրական վեճերի մասով ՍԴ այս նիստերն աննախադեպ են, որովհետև ընտրության արդյունքների վիճարկման մասով երբեք այսչափ դիմումատուներ չեն եղել և նաև այս չափի փաստարկված տվյալներ չեն եղել, որոնք ներկայացվել են»,- ասաց նա։
Ռ. Հայրապետյանի խոսքով, այստեղ ոչ միայն կոնկրետ ընտրախախտումներ են քննության առարկա դարձել, այլ այնպիսի գլոբալ հարցեր, որոնք ընտրության ելքի վրա ակնհայտ ազդեցություն կարող են ունենալ:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվե՞ր պահել իշխանությունը, եթե չլինեին այսչափ ընտրակեղծիքներ, իրավաբանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։