Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ
Քաղաքական
17:01 14/07/2021
Տարածաշրջան

Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ

«Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Interfax.az-ը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, և հիմա ուզում եմ դա կրկնել: Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի: Ինձ տեղեկություն է հասնում, որ կրկին խոսակցություններ են գնացել այն մասին, թե իբր հարցը չի գտել իր լուծումը, հակամարտությունը լուծված չէ։ Սա շատ սխալ և ռիսկային ուղի է», - ասել է Ալիևը՝ այսօր  Ղարաբաղի պատերազմում սպանվածների ու հաշմանդամ դարձածների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու արարողությանը:

Ըստ Ալիևի, «եթե հակամարտությունը լուծված չէ, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է այն լուծվի»:

«Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմի ժամանակաշրջանն անցյալում է: Բայց, չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի», - ասել է Ալիևը:

Ալիևն ասել է, որ ադրբեջանական զինուժը վերականգնել է «երկրի տարածքային ամբողջականությունը և վերահսկողություն սահմանել Հայաստանի հետ սահմանին»:

«Եթե նրանք կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն, թե էլ ինչ պետք է լուծել: Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Ուստի այս արտահայտությունը չպետք է օգտագործվի։ Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ», - ասել է Ալիևը։
 

Placeholder
Ալիև․ Հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ