Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի կունենա երդման արարողություն
Աշխարհում
18:06 14/07/2021
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի կունենա երդման արարողություն

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, ավանդույթի համաձայն, տեղի կունենա երդման արարողություն: Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ-ը, արարողությանը կմասնակցեն ճապոնացի մեկական մարզիկ-մարզուհի, երկուական մարզիչ և մրցավար:

Օլիմպիական դրոշը բարձրացնելուց հետո նրանք կսկսեն երդումը.

«Խոստանում ենք օլիմպիական խաղերին մասնակցել ՝ հարգելով և պահպանելով արդար խաղի և  հավասարության կանոնները:

Մենք միասնական ենք, համերաշխ  և պարտավորվում ենք մրցել  առանց դոպինգի, խաբեության և  խտրականության:Կպահպանենք օլիմպիզմի սկզբունքները՝  սպորտի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- ՀԱՕԿ-ը  մեջբերում է երդման խոսքերը։

Օլիմպիական երդումն առաջին անգամ տրվել է 101 տարի առաջ՝ Անտվերպենում, 1920 թվականին: Թիմակիցների անունից ելույթ է ունեցել բելգիացի սուսերամարտիկ Վիկտոր Բոյնը: Առաջարկն արել է այն ժամանակվա  ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտենը:

Բնագրի բառերը անփոփոխ են եղել  շուրջ 80 տարի, մինչև որ  Սիդնեյի խաղերում  ներկայացվել է  հակադոպինգային դրույթը:

Մրցավարների երդումն  առաջին անգամ տվել է  ճապոնացի լեռնադահուկորդ Ֆումիո Ասակին՝ 1972թ. Սապպորոյի ձմեռային օլիմպիական խաղերում:

Մարզիչների երդումը  ներկայացվել է  Լոնդոնի 2012թ. խաղերում, թեև  այն արդեն հնչել էր Սինգապուրում  2010թ. կայացած  ամառային պատանեկան օլիմպիականում:

Սկսած Պհենչհանի խաղերից բոլոր երեք երդումները տրվել են միասին:

 

Placeholder
Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տեղի կունենա երդման արարողություն