Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան
Իրավունք
17:09 15/07/2021
Հայաստան

Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան

«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով,  առաջադրված մեղադրանքները շինծու են, մտացածին, ապօրինի»,- Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչում, մեղադրանքները չեն ընդունում։

«Պարզ չէ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ շարադրվածը։ Անհասկանալի բաներ են գրված, որոնք մեզ հետ աղերս չունեն»,- նշեց փաստաբանը:

Ա.Մելքոնյանի ներկայացմամբ, Առուշանյանին հրավիրում են ՀՔԾ, պատշաճ գալիս են, սահմանված ժամկետին սպասում են, այնուհետև իրենց ասել են 15-20 րոպե սպասել. «Փորձում ենք գնալ սուրճ խմել և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են բոլորիս վրա: Ներկայանում եմ, որ փաստաբան եմ, բայց զենքերն ուղղում են վրաներս, հարցին, թե ո՞ւր եք տանում, ինչո՞ւ եք տանում, ասում են՝ դավայ։

ՀՔԾ-ն հայտնում է, որ ինքը բերման ենթարկելու որոշում չի կայացրել և հետաքննության մարմնին նման հանձնարարական չի տվել, բայց հետաքննության մարմինն իր նախաձեռնությամբ կեղտոտ ձևով այս թատրոնն է կազմակերպում ու անում։ Զարմացած եմ այս պահվածքի համար, Առուշանյանը ճիշտ նկատեց՝ մանկապարտեզի էր նման:  Առուշանյանին գետնեցին, բայց դրանով Առուշանյանին բարձրացրին վերև, իսկ իրենք գետնվեցին: Բա սա հաղթողի պահվա՞ծք է»:

Նա կրկնեց, որ առաջադրված մեղադրանքներն ապօրինի են, եթե դատարանում իրենց համար հերթական բեմականացումը նախատեսված չի, արդարությունը կհաղթի, իսկ եթե սցենարը գրված է, ուրեմն՝ սպասեն Աստծո դատաստանին:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից: 

Placeholder
Դիմակավորված անձինք հարձակվում են ու զենքերն ուղղում բոլորիս վրա. Առուշանյանի պաշտպան