Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան
Քաղաքական
15:08 16/07/2021
Հայաստան

Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը վստահ է՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումները չեն կարող ազդել սյունեցիների դրմադրության ոգու վրա:

«Համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել. դեկտեմբերի 17-ին, խախելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջեինք Սյունքի անվտանգության գոտին: Բայց միայն համայնքապետերը չէին դեմ այս որոշմանը, ողջ Սյունիքն էր ոտքի կանգնել:

Եթե այս իշխանությունների մոտ կա թյուրընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է  ընդհանրապես ճնշել ժողովրդին, վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց Աննա Գրիգորյանը:

Նա նշեց, որ շփվում է սյունեցիների հետ ու անկախ նրանից, թե ինչպիսի էին ընտրության արդյունքները, նույնիսկ այն սյունեցիները, որոնք իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուրժելու հերթական զիջումը:

«Սա փաստ է, հետևաբար անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետերին ձերբակալել, կալանավորվել, և սյունեցիները նստելու են տանն ու չեն ընդդիմանալու հերթական զիջմանը, հատկապես երբ թշնամի երկրի ղեկավարի կողմից հնչում են արտահայտություններ, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, պետք է վերադառնան: Ոչ,այդպես չի լինելու, ողջ Սյունիքը ոտքի է կանգնելու դա թույլ չտալու համար»,- ասաց նա: 

Աննա Գրիգորյանն ընդգծեց՝ մեր պետականությունը մեծ հարցականի տակ է:

«Սյունքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական, երբեմն չես էլ հասկանում, որ տարածքն է այս իշխանության կողմից հայտարարված ադրբեջանական, որը հայկական»,- նշեց նա:

Նրա խոսքով, իշխանությունը չի հասկանում, թե ինչ ուղղություն է դավանում, ՀՀ-ն որ ուղղությամբ է տանում:

«Ընդդիմադիրների ուսերին է մնացել այն ծանր պատասխանատվությունը, որ մենք ժողովրդին առաջարկենք ազգային զարգացման տեսլական: Կարծում եմ՝ սրա վրա ապագայում հատուկ շեշտադրում կունենանք: Որևէ ժողովուրդ չի կարող առաջ նայել, որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չունենա տեսլական:

Գաղափարական սնանկությունը ևս լուրջ մարտահրավեր է մեզ համար, իշխանությունից որևէ կերպ սրա լուծումները գտնել հնարավոր չէ, ինչպես նաև մնացած բոլոր ասպեկտներում, հետևաբար, շատ ակտիվ պետք է նաև սրանով զբաղվենք»,- ասաց «Հայաստան» դաշինքի անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում

Placeholder
Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական. Աննա Գրիգորյան