Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ. Աղվան Վարդանյան
Քաղաքական
12:01 17/07/2021
Հայաստան

Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ. Աղվան Վարդանյան

«Երկու տարի առաջ ասվել է, որ Հայաստանը այլևս իրավական պետություն չէ։ Որ Հայաստանում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, դարձյալ արձանագրվել է երկու տարի առաջ»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից կազմակերպված «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով  կոնֆերանսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով երկօրյա կոնֆերանս: Կոնֆերանսի այսօրվա թեման  «Հայաստանի իրավական մարտահրավերներն» է։ Երեկվա թեման էր «Հետընտրական Հայաստան»։

Ա. Վարդանյանի խոսքով, թե ինչ հետևանքներ է ունենում այդպիսի իշխանությունը, երբ անձը փոքրոգի, քինախնդիր, ստախոս, ազգային, հոգևոր բարոյական արժեքներից զուրկ է, պետք չէ պատմությունն ուսումնասիրել, բավարար է մեր պետության ու հասարակության ներկա պատկերը։

«Երբ էությամբ վախկոտ անձը տիրապետում է իշխանության ուժային լծակների, համընդհանուր աղետն ու ավերն անխուսափելի է՝ ինքնիշխանության նվազագույն շեմ, պետականության կորստի  իրական վտանգ, ավտոմացված հասարակության, դիմադրողականության քայքայում։ Այդպիսի անձի վարքի ևս մեկ յուրահատկություն՝ ստորանալ իրենից ուժեղ  ցանկացածի, թեկուզ թշնամու առաջ, վախեցնել, նվաստացնել իրենից կախում ունեցողներին, իր ենթականերին»,- ասաց Ա. Վարդանյանը։

Նա նշեց, որ նման բռնապետները միշտ նույն ճակատագիրն են ունենում, անբեկանելի  ճշմարտություն է, նրանց խնդիրը ցանկացած գնով ժամանակ ձգելն է։

«Մեր խնդիրն է գիտակցել, թե ինչ է մնալու երկրից ու հավաքականությունից այդ ժամանակից հետո»,- նշեց քաղաքական գործիչը։

Ըստ նրա, բռնաճնշումներն այդպիսի անձի, այդպիսի իշխանության բնույթից բխող ձեռագիր է, այլ բանի պարզապես ընդունակ չեն։

«Տղամարդիկ, ազգային պետական ողնաշար ունեցողները չեն կոտրվելու, հատուցման ժամն անխուսափելիորեն գալու է»,- նշեց նա։

Դիմելով պետական պաշտոնյաներին, մասնավորապես, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին՝ նշեց, որ  նա ոչ մեկի ծառայությունները չի գնահատելու, հիշեցրեց նախորդներին։

«Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ»,- ասաց Աղվան Վարդանյանը։


 

Placeholder
Այն բռնաճնշումները, որոնք անում եք այսօր, ահաբեկչություն է պետականության և հայկականության հանդեպ. Աղվան Վարդանյան