Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանները, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթացող նիստին միջնորդություն ներկայացրին՝ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ունեն միջդատական վարույթի ավարտված քննություն, հարցաքննված վկաներ, չունեն մեղադրական բնույթի որևէ ցուցմունք:
Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց՝ թեև գտնում են, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ, ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Մեղադրող դատախազն առարկեց ներկայացված միջնորդությանը, որ խափանման միջոց կալանավորումը մնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։