Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան
Մշակույթ
13:12 22/07/2021
Հայաստան

Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան

«Բացարձակ օպտիմալացում չէ: Դեռևս միացված չեն, բայց նման գաղափար կա, լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին միավորելու գերատեսչության նախաձեռնության մասին հարցերին: 

Նա նշեց, որ այդ միավորումն ինքնանպատակ չէ և հարցը մանրակրկիտ քննարկվել է: 

«Միայն Կամերայինով և Պարոնյանով մեր թատրոնները չեն սահմանփակվում, մենք ունենք տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց»,- ասաց Վ. Դումանյանը:

Նա նշեց, որ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել պետական Սիմֆոնիկ նվագախմբին. «Սիմֆոնիկ նվագախումբը չունի իրեն ամրագրված տարածք, այն «խորթ զավակ» չէ: Որևիցե մեկի հաշվին, որևէ բան չի արվում, բոլորն էլ պետական կազմակերպություններ են, պետությունն էլ, ի դեմս լիազոր մարմնի, իրականացնում է քաղաքականություն՝ մտածելով բոլորի խնդիրների մասին: Միավորումներ կան, որ փրկություն են:

Մեր տեսակետն այն է, որ այս քայլը այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից»:

Հարցին՝ կրճատումներ կլինե՞ն, նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ որևէ կրճատման մասին խոսք չկա:

«Այդ թատրոնն իր դերասաններով հայտնվում է շատ ավելի լավ պայմաններում և հնարավորություն կունենան իրենց ստեղծագործական բոլոր գաղափարները, իրենց բոլոր ներկայացումներն ինչպես ծրագրել են, այնպես շարունակել»,- ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Placeholder
Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան