Ճապոնիայի աջակցությամբ ՀՀ-ում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած մշակութային արժեքների վերականգնման լաբորատորիայի
Մշակույթ
16:33 23/07/2021
Հայաստան

Ճապոնիայի աջակցությամբ ՀՀ-ում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած մշակութային արժեքների վերականգնման լաբորատորիայի

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մասնակիցներին այդչափ կարևոր և աննախադեպ ձեռքբերման համար։ 

«Այս սարքավորումներին լիարժեք տիրապետելը նշանակում է մշտապես  կատարելագործել հմտություններն ու գիտելիքները. դա մեծ հնարավորություն  է գիտական և մասնագիտական կայացման համար։ Եվ այս սարքավորումները կծառայեն իրենց նպատակին, եթե մասնագետները լիովին տիրապետեն սարքավորումների թելադրած իմացություններին և հմտություններին»,- ասել է  Ա. Խզմալյանը՝ արդյունավետ մասնագիտական գործունեություն մաղթելով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի մասնագետներին։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին էլ նշել է, որ Ճապոնիան ու Հայաստանն ունեն ժամանակով փորձված բարեկամական հարաբերություններ, հայ-ճապոնական պատմական և միջմշակութային հարուստ կապեր, որոնց ամրապնդմանն է ծառայելու նաև վերազինված կենտրոնը։ Ճապոնիայի դեսպանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով շարունակել արդեն իսկ սկիզբ առած փոխգործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և սերունդների։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին պատմամշակութային ժառանգության բնագավառում այդ կարևոր ներդրման համար:

«Սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան հնարավորություն կտա առավել արդյունավետ և ճշգրիտ կազմակերպել գտածոների վերականգնման և հետազոտման գործընթացը: Անչափ կարևոր է ոլորտի այլ կազմակերպությունների, մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այսպիսի լաբորատորիան պետք է ծառայի բոլորին՝ հօգուտ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման»,- ասել է Խաչիկ Հարությունյանը և ընդգծել, որ այս ծրագրի իրականացմամբ ստեղծված նյութատեխնիկական նմանօրինակ հագեցվածությամբ և բովանդակային ուղղվածությամբ լաբորատորիան, անկասկած, նպաստելու է հանրապետությունում մշակութային արժեքների վերականգնմանը, գիտականորեն համակողմանի հիմնավորված նախագծերի մշակմանն ու պատմամշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հավելել է, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից ներկայացված հայտը ճապոնական կողմը գնահատել է հիմնավորված և առաջնահերթ, քանի որ այն, բացի նրանից, որ համապատասխանում էր ճապոնական կողմի առաջադրած տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ծառայելու է հասարակության լայն շերտերին, քանի որ վերականգնված իրերը հետագայում տեղ են գտնում Հայաստանի տարբեր թանգարաններում, և հանրությունը դրանցով է ճանաչում նաև սեփական մշակույթը:

«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն, որը մեզ է հասել  դարերի խորքից: Ակնհայտ էր, եթե «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը» չվերականգնի և չպահպանի դրանք, այդ ժառանգությունը կարող է անվերադարձ կորչել, հետևաբար այդ ժառանգության վերականգնումն ու պահպանումը ապագա սերնդի նկատմամբ մեր սերնդի պարտականությունն է, և մենք պատիվ ունենք նպաստելու այդպիսի առաքելության իրականացմանը»,- եզրափակել է Էջիրի Յուկիհիկոն:

Ծրագրի շրջանակում լաբորատորիան վերազինվել է վերջին սերդնի գերժամանակակից սարքավորումներով, որոնք եզակի են Հայաստանի Հանրապետությունում հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում։
 

Placeholder