Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ու առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի հարցը․ հայտարարություն
Քաղաքական
15:27 30/07/2021
Տարածաշրջան

Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ու առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի հարցը․ հայտարարություն

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու բախումների վերաբերյալ»։

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական ուժերի հետ բախումների արդյունքում 3 հայ զինծառայողների մահվան համար, այն բանից հետո, երբ հայկական դիրքերն ու մի քանի գյուղեր, ըստ հաղորդումների, գնդակոծվել են վաղ առավոտից, և արտահայտում ենք մեր խորին ցավակցությունները նրանց ընտանիքներին:

Ցավոք, սա միջադեպերի կամ սադրանքների շարքից ամենավերջինն է վերջին ամիսների ընթացքում՝ ներառյալ սկսված միջպետական սահմանի խախտումները, որ սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածք ներխուժմամբ:

Նախիջևանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր մահացավ, ոչ պակաս մտահոգիչ էր։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից:

Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների միջոցով:

Բոլորը ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը եղած դիրքերը և համաձայն հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների:

Իրավիճակը լիցքաթափելու համար չափազանց կարևոր է, որ անմիջապես դադարեցվի բորբոքող հռետորաբանությունը։ Այս համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես ադրբեջանական «նախնիների երկիր» վկայակոչումը։  Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են հետագայում խաթարել տարածաշրջանային անվտանգությունը:

Մենք կրկնում ենք վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած հարց բանակցային սեղանի շուրջ լուծելուն աջակցելու ԵՄ հանձնառությունը, այդ թվում`բանակցությունների վերսկսման միջոցով հակամարտության կայուն կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը»,-ասվում է այսօր տարածված հայտարարության մեջ։

Placeholder
Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ու առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի հարցը․ հայտարարություն