Բացառիկ ծնունդ Երևանում. Եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել
Առողջություն
10:15 03/08/2021
Հայաստան

Բացառիկ ծնունդ Երևանում. Եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով  բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել:

ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը մանրմասնում է, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան ու ամուսինը ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու: Երիտասարդ զույգը արդեն մեկ արու զավակ ուներ:

Նրանք մտածել անգամ չէին կարող, որ իրենց երեխաները շուտով ոչ թե երկուսը կլինեն, այլ՝ միանգամից չորսը, այն էլ տղաներ:

Արեգը, Արենը և Արամը ծնվել են ս․թ․ հուլիսի 21-ին, 1700,1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34֊35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ:

Երեխաները գտնվել են  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ և  ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո  բավարար վիճակում դուրս են գրվել։

Իսկ տանն արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ 5 ամյա Նարեկը:
 

Placeholder
Բացառիկ ծնունդ Երևանում. Եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել