Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
12:02 09/08/2021
Հայաստան

Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան

«Արդեն տևական ժամանակ է, որ Վերաքննիչ դատարանի ավտոմատ համակարգը, որով պետք է գործերը մակագրվեն դատավորներին, առգրավված է ԱԱԾ-ի կողմից և մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով»,- խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին խնդրեց կարծիք հայտնել, թե որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, արդյոք այդ իրավիճակը նորմալ է համարում, արդյոք այն չի հակասում շատ իրավական նորմերի և նա ի՞նչ պրոակտիվ գործողություններ է անելու վիճակը շտկելու ուղղությամբ:

Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ եթե դատական համակարգի աշխատանքը խաթարվում է, ապա այն լուրջ խնդիր է և հավելեց, որ խոսքը գնում է էլեկտրոնային ծրագրի մասին, որի միջոցով էլ կարող են մանիպուլյացիաներ անել, կամ այն շրջանցելով մակագրել:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեռ չընտրված նախագահի թեկնածուն հայտարարեց, որ կարող է առաջիկայում հանձնաժողովում աշխատանքային քննարկում կազմակերպել և խնդիրը պարզաբանել:

Վարդանյանը նաև հավաստիացրեց, որ պատգամավորները չեն կարող միջամտել իրավապահների գործողություններին, բայց կարող են լինել նաև այլ լուծումներ և հավելեց, որ չափազանց կարևորում է էլեկտրոնային գործիքակազմի կիրառումը քրեաիրավական և դատական համակարգում:

Հայտարարելով որ խորհրդարանական վերահսկողության մասին է խոսքը՝ Մամիջանյանը նշեց. «Համենյան դեպս, դատավորներին կասկածելի ձևով գործերի մակագրումն անընդունելի իրավիճակ է՝ հաշվի առնելով, թե որքան քաղբանտարկյալներ և քաղաքական հայացքների համար դատապարտվողներ կան, որոնց գործերը վաղ թե ուշ հայտնվելու են այնտեղ»:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով Վերաքննիչ դատարանում եղել է երկրորդ համակարգիչը և կարելի էր մակագրման ծրագիրը տեղափոխել ռեզերվային համակարգչի վրա:

«Չունենալով փաստեր՝ դատողությունների վերաբերյալ տալ վերջնական գնահատական, իմ կարծիքով ընդունելի չպետք է լինի իմ և ձեր համար, դրա համար ես զերծ կմնամ գնահատականներ տալուց»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը և կրկին պնդեց, որ հանձնաժողովը ձևավորելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչ իրավիճակ է և ինչ լուծումներ կարելի է տալ:

 

Placeholder
Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան