Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
Քաղաքական
10:30 11/08/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Արցախի հակամարտության գոտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար ակցիա են իրականացրել և սնունդ են տրամադրել Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի երեխաներին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառումների ընթացքում կազմակերպվել և անցկացվել է «Երիտասարդ խոհարար» մրցույթը, որին մասնակցում էին Արցախի հեռավոր շրջաններում ապրող անապահով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաները: Գիշերօթիկ դպրոցի սաները մրցում էին խմորից տնական կարկանդակներ թխելու խոհարարական արվեստում:

«Մենք ամեն շաբաթ միջոցառումներ ենք ունենում: Մինչ այդ մենք պիցցայի մրցույթ ունեինք: Շատ ուրախ ենք, որ դուք ներկա եք լավագույն կարկանդակների, համեղ կարկանդակների մրցույթի երկրորդ միջոցառմանը, որին մասնակցում էին խաղաղապահները: Մենք կհամագործակցենք ձեզ հետ և սիրով կհրավիրենք ձեզ մասնակցելու նման միջոցառումներին»,- ասել է գիշերօթիկ դպրոցի տնօրեն Համեստ Սիմոնյանը և հավելել. «Կարծում եմ, որ մենք միմյանց կօգնենք երեխաներին ավելի լավը դարձնելու համար: Այժմ մենք այստեղ ունենք 18 երեխա: Նրանք հիմնականում 7-ից 18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են»:

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ժյուրիում ընդգրկված ռուս խաղաղապահները գնահատել են  կարկանդակների տեսքն ու համը, ինչպես նաև՝ դրանց պատրաստման ընթացքում երիտասարդ խոհարարների թիմային աշխատանքը:

«Այսօր Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենը մեզ հրավիրեց  մասնակցելու «Երիտասարդ խոհարար» մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Մրցույթին մասնակցել է գիշերօթիկ դպրոցի 12 երեխա: 3 թիմ կար, որոնք այսօր մրցում էին տնական թխվածքներ պատրաստելու մեջ: Արդյունքում նրանք արժանացան պատվոգրերի և քաղցր նվերների»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում, ռուս խաղաղապահները շուրջ 1 տոննա հումանիտար օգնություն են նվիրել գիշերօթիկ դպրոցին, ներառյալ մանկական խաղալիքներ, գրքեր, գրենական պիտույքներ, խոհանոց և սննդի հավաքածուներ:
 

Placeholder
Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար