Իվանյան համայնքում 15 բազմաբնակարան շենք է կառուցվում
Տնտեսություն
17:08 14/08/2021
ԼՂՀ

Իվանյան համայնքում 15 բազմաբնակարան շենք է կառուցվում

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքներ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ, դրանցում ներգրավված են  8 շինարարական կազմակերպություններ։

Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված ընտանիքներին:

Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:

Շինհրապարակ այցելած Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել կատարվածը,   հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով, որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:

 Հաջորդ թաղամասը կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:

Placeholder
Իվանյան համայնքում 15 բազմաբնակարան շենք է կառուցվում