Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան օրն է
Մշակույթ
12:05 20/08/2021
Հայաստան

Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան օրն է

«Տաթևիկ Սազանդարյանը հայ օպերային բեմի զարդերից է»,- մի առիթով ասել է հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանը։ 

1916 թվականի օգոստոսի 20-ին է ծնվել հայ մեծանուն օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ալմաստի դերերգի լավագույն մեկնաբաններից մեկը` Տաթևիկ Սազանդարյանը:

Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։

1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։

Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են։ Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։

Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։

Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից։

Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։

Տաթևիկ Սազանդարյանը մահացել է 1999-ին Երևանում։ 

«…Ես դեռ առաջին քայլերս էի անում օպերային բեմում: Ինձ հանձնարարված սակավաթիվ դերերից «ամենապատասխանատուն» և «բարդը» Գայանեի դերերգն էր «Ալմաստ» օպերայից: Եվ անսպասելիորեն ինձ վստահեցին և հանձնարարեցին իմ` մինչ օրս ամենաբարդ և սիրելի դերերից մեկը` Ալմաստը:

Դա 1939 թվականին էր, Մոսկվայում Հայկական մշակույթի առաջին տասնօրյակի նախօրեին: Ես երջանիկ էի, շոյված, բայց մինչև վերջ գիտակցում էի առաջադրանքի ծանրությունը և պատասխանատվությունը: Իմ վստահությանն ուժ էր հաղորդում երիտասարդությունս:

Երախտագիտությամբ եմ հիշում առաջին ուսուցիչներիս` «Ալմաստ»-ի ներկայացման դիրիժոր, մեծ վարպետի արվեստի փայլուն գիտակ Գ. Ե. Բուդաղյանին, ժամանակից շուտ մեզնից հեռացած երաժիշտ, դիրիժոր Ա. Շ. Մելիք-Փաշաևին (վերջինս տասնօրյակի երաժշտական խորհրդատուն էր): Նրանք չէին խնայում ոչ ուժ, ոչ գիտելիք, որպեսզի ես կարողանայի հասնել հնարավոր կատարելության, նրանք ոգեշնչված էին իմ աշխատասիրությամբ և արվեստի հանդեպ սիրով…

Դժվար է ասել, թե 30  տարվա ընթացքում քանի անգամ եմ կատարել Ալմաստի դերերգը, բայց վստահաբար կարող եմ հաստատել, որ ամեն անգամ այն ինձ թվացել է բարդ և պատասխանատու… Մեծ վարպետը մեծ դերում թաքցրել է շատ «գաղտնիքներ», որոնք անհնար է միանգամից կռահել:

«Ալմաստ» օպերան, անկասկած, լավագույն դասական օպերաներից է և ապրելու է դարեր շարունակ» (Հատված Տաթևիկ Սազանդարյանի` 1968 թվականի հուշից, մեջբերումը` «Խոսք Սպենդիարովի մասին» գրքույկից, աղբյուր՝ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջ): 

Placeholder