Մայր թատրոնը «Դեկամերոն» ներկայացմամբ մասնակցում է միջազգային թատերական փառատոնի
Մշակույթ
14:27 23/08/2021
Հայաստան

Մայր թատրոնը «Դեկամերոն» ներկայացմամբ մասնակցում է միջազգային թատերական փառատոնի

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Բոկաչչոյի «Դեկամերոն» ներկայացմամբ (բեմադրության հեղինակ՝ Լիլի Էլբակյան) մասնակցում է Սիբիուի միջազգային թատերական փառատոնին:

Panorama.am-ի հետ զրուցում Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ այն իր ծավալներով, մեծությամբ Եվոպայում երրորդ թատերական փառատոնն է:

«Թատրոնը ներկայացրեց «Դեկամերոն»-ը որպես նոր, թարմ բեմադրություն: Փառատոնի ղեկավարության կողմից ընտրվեց մեր ներկայացումն ու հրավեր ստացավ»,- նշեց նա:

Մայր թատրոնի կողմից կոնկրետ այդ ներկայացման ընտրությունը Վարդան Մկրտչյանը բացատրեց այսպես. «Շատ կապվում է ընդհանուր աշխարհում այսօրվա առկա համավարակի հետ, ամենակարևորն է՝ դրանից դուրս գալու, կյանքը շարունակելու մեր մեկնաբանության հետ»:

Որպես մասնագետ նաև նշեց՝ ներկայանալի, ստացված, սիրված, պահանջված ներկայացում է:

Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայացումը հրավեր է ստացել ոչ միայն Սիբիուի փառատոնից, նաև լեհական, շուտով կհայտարարեն նաև թատրոնի՝ Լեհաստան մեկնելու մասին:

Սիբիուի միջազգային թատերական փառատոնի շրջանակում 600 ներկայացում է ցուցադրվում: Հայկական թատերախումբն արդեն Սիբիում է, ներկայացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Վ.Մկրտչյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ներկայացման  տոմսերն արդեն սպառված են, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի Մայր թատրոնի «Դեկամերոն»-ը սպասված է նաև այնտեղ:

Ներկայացումը միջազգային հարթակում ցուցադրելու համար որոշակի փոփոխությունների է ենթարկվել.

«Ներկայացումը կտեղայանցվի մեզ տրամադրված թատրոնին: Դեկորացիների հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, բայց զգեստները, հիմնական տարրերը բոլորը տարել ենք, մի քանի հատուկետ դետալներ չենք տարել:

Մենք թարգմանել ենք ամբողջ պիեսը, նաև սեղմագիր տարբերակով: Իհարկե, փառատոնի կազմակերպիչները կորոշեն՝ ինչ ձև ներկայացնեն հանդիսականին: Մեր գործն է լիարժեք մասնակցել ու մեր լավագույն որակները ցույց տալ փառատոնի շրջանակում»:

Խոսելով թատրոնի առաջիկա պրեմիերաների մասին, Վարդան Մկրտչյանը չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց, որ սկսում են Մայր թատրոնի 100-ամյակին նվիրված միջոցառումները, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրին  Մայր թատրոնն ունենալու է մեկ նոր աննախադեպ պրեմիերա:

«Ուրախութամբ ու վստահությամբ կարող եմ ասել, որ պատրաստ ենք այդ բարդ թռիչքին: Դրանք չեն լինելու փոքրիկ ներկայացումներ, լինելու են մասշտաբային, մեծ բեմադրություններ: Այնպես որ մեր հանդիսատեսին սպասվում է շատ հետաքրքիր աշուն»,- ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը։

 

Placeholder