Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան
Առողջություն
14:52 24/08/2021
Հայաստան

Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն օրեցօր ավելանում են: Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթացում են գտնվում, հընթացս պետք է ավելացնեն իրենց հզորությունները:

Նախարարը նշեց, որ արձանագրում են հիվանդության երիտասարդացում, հիվանդության ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը բժիշկների գործն էլ ավելի է ծանրացնում:

«Սա նշանակում է, որ կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչն առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի իրավիճակը:

Այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնությունից, հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է:

Եթե նախկինում վատթարացման օրերը հիվանդության ի հայտ գալուց 5-6-7 -րդ օրերին էին լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում 3-4-րդ օրը տեսնում ենք վիճակի շեշտակի վատթարացում»,- նշեց նա:

Ա. Ավանեսյանն ասաց, որ այս պահին 20 և 28 տարեկան պացիենտներ ունեն, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունեն, սակայն միացված են արհեստական  շնչառության ապարատներին, կյանքի համար պայքար են մղում: Ըստ նրա, հիվանդության երիտասարդացում նկատվում է ամբողջ աշխարհում, ինչը հենց «դելտա» շտամի բնորոշիչ հատկություններից է:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ իրենց ընթացիկ հետազոտությունների համաձայն, ներկայումս  Հայաստանում  շրջանառվող գերակշռող շտամը  «դելտա» շտամն է. «60 հետազոտությունից 50-ից ավելին «դելտա» է, նշանակում է, որ այն բավականին ագրեսիվ շտամ է, ճնշել է մնացած շրջանառվող շտամները: Գարնանը գերակշռող էր անգլիական շտամը:

Մասնագետները սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են: Եթե  առաջ համ ու հոտի կորուստը բավական բնորոշիչ էր կորոնավիրուսյին վարակին, «դելտա» շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Բացի դրանից, ավելի հարբուխային սիմպտոմներ ունի»:

«Առաջիկայում մեզ սպասվում է  ուսումնական տարվա մեկնարկ, կարևոր է, որ մինչև այս գործընթացը սկսվելը, հնարավորինս շատ ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական  անձնակազմ, ուսանողներ պատվաստվեն, ինչը կօգնի կանխելու առաջիկայում այս մեծ տեղաշարժերի պարագայում հիվանդացության տարածումը»,- ասաց առողջապահության նախարարը:

Placeholder