Մեկնարկում է «Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ» նոր կրթական ծրագիրը․ ԳԱԿ
Կրթություն, գիտություն
18:44 24/08/2021
Հայաստան

Մեկնարկում է «Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ» նոր կրթական ծրագիրը․ ԳԱԿ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ» նոր կրթական ծրագրի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։

«ԳԱԿ-ի նոր կրթական ծրագիրը հիմնված է «Ուգո Նեսպոլո. ֆլորիլեջիո» ցուցադրության վրա: Այն նախատեսված է յոթ տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել իտալացի արդի արվեստագետ Ուգո Նեսպոլոյի ստեղծագործությունները, կատարման տեխնիկաների առանձնահատկությունները,  ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնել իտալական մշակույթի, իտալական արվեստի կարևոր զարգացումների, պատմական փուլերի և ուղղությունների հետ:

Կրթական ծրագիրը նաև հրաշալի առիթ է խթանելու մասնակիցների հավաքական ստեղծագործականությունը, ինչը հատկապես կարևորվում է մեր օրերում:

ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում  ծրագրի մասնակիցները Նեսպոլոյի աշխատանքներից ընտրված հատվածների,  գունավոր ինքնակպչունների և այլ նյութերի օգնությամբ կստեղծեն արվեստագետի աշխատանքների ոճով նոր, միասնական և մեծածավալ աշխատանք:Մասնակցությունը՝ անվճար, պարտադիր նախնական գրանցմամբ:                    

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։                                                                                          

Placeholder
Մեկնարկում է «Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ» նոր կրթական ծրագիրը․ ԳԱԿ