Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
16:25 24/08/2021
Հայաստան

Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Արդյո՞ք Հայաստանում կամ Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են ենթադրել, որ  հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար Հայաստանի կամ Արցախի  տարածքներից կարող են նոր շրջաններ հանձնվել»,- Ազգային ժողովում այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Մինչ այդ նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթով չնախատեսված տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին: Ըստ նրա, ռազմական գործողությունների  ընթացքում կորցրած տարածքներն այլ կարգավիճակ ունեին, նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնվող տարածքները՝ Քարվաճառի, Ակնայի շրջաններ, Քաշաթաղ, ունեին այլ կարգավիճակ:

«Դրանից հետո ունեցանք այլ շրջանների հանձնում՝ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին թաղերի գյուղերի հանձնումը, Կովսականի ու Սանասարի մի մասի հանձնումը: Հետագայում դուք, ձեր տարբեր թիմակիցները նշեցին, որ եղել է պատերազմի վտանգ, այդ վտանգը կանխելու ու նոր պատերազմ  թույլ չտալու համար ստիպված եք եղել գնալ զիջումների»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ֆունդամենտալ, կարևոր հարց է բարձրացվում:

«Եթե այդպես լիներ, նախորդ պատերազմից առաջ և նախորդ երեք տարվա ընթացքում մեր կառավարությունն այն տարածքները զիջելու որոշում կկայացներ, որի զիջման մասին 25 տարի տեղի է ունեցել բանակցային գործընթաց»,- նշեց նա:

Նա ասաց, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիրակությունը երբեք չի վիճարկել պարոն Աբրահամյանի կողմից հիշատակվող տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը, Հայաստանի որևէ պատվիրակություն դա երբեք չի վիճարկել:

«Հիմա, իմիջայլոց, նաև այդ քննադատությունը կա, որ պատերազմից առաջ այդ տարածքները պետք էր զիջել, ընդհակառակը՝ Հայաստանի կառավարությունը սխալ է վարվել, որ այդ հանգրվանում բանակցային գործընթացը ստանձնելով՝ չի զիջել այդ տարածքները»,- ասաց Փաշինյանը:

Placeholder
Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին