Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
11:57 02/09/2021
Հայաստան

Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան

«Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական: Ինչպես տեսնում ենք՝ հայտնաբերված դեպքերը հատում է մոտ 10 տոկոսի շեմը: Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ»,- կառավարության նիստին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ նախկինում մի քանի անգամ ահազանգել են, որ «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:

Ավանեսյանը հայտարարելով, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում՝ ասաց. «Նախորդ շաբաթ ես ասել էի, որ ունենք կորոնավիրուսով վարակված 20-28 տարեկան երիտասարդներ, ցավոք նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ Հայաստանում ծավալված  է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է:

Նրա ներկայացմամբ ծանր վիճակում է գտնվում 650 վարակակիր, ծայրահեղ ծանր՝ 126-ը, իսկ արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի:

Ավանեսյանը հավաստիացրեց, որ հընթացս ծավալում են նոր մահճակալներ և կանխատեսեց, որ աշնանն ավելանալու է այլ հիվանդացությունների թիվը, ինչն ավելի է առաջնային դարձնում համաճարակի կառավարելիությունը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն 293 955 պատվաստում  է իրականացվել Հայաստանում, նախորդ օրը իրականացվել է 6327 պատվաստում և հավելեց, որ նկատվում է պատվաստվել ցանկացողների հոսքի մեծացում և վերջին հարցումներով բնակչության 40 %-ից ավելին պատրաստվում է պատվաստվել, այն դեպքում, երբ գարնանն այդ թիվը 10% էր:
 

Placeholder