«Արցախում ջրի պակասը պայմանավորված են նաև նրանով, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»
Իրավունք
15:05 09/09/2021
ԼՂՀ

«Արցախում ջրի պակասը պայմանավորված են նաև նրանով, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»

«Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված: Ստեփանակերտի պարագայում բնակչության 20 տոկոսն է զրկված ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80 տոկոսով խնդիրն առկա է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նշեց, որ կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է՝ կարող է շաբաթվա ընթացքում 1-2 անգամ լինել:

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ խնդիրը երեք հիմնական գործոնով է պայմանավորված. չոր եղանակային պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազարով, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը բռնազավթված տարածքներում, երրորդ խնդիրը, որն առավել գործուն է  արտահայտված հենց համայնքներում՝ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են  ադրբեջանական օկուպացիայի տակ և մենք հնարավորություն չունենք օգտագործել այդ ջրային ռեսուրսները»,- ասաց Գ.Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ Արցախի մի շարք բնակավայրեր զրկված են բջջային կապից ու ինտերնետից, նա նշեց, որ մեկ ամսից ավելի այդ խնդիրը կա, բջջային կապն ու ինտերնետն աշխատում է խափանումներով:

«Թե «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունից, թե տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարությունից ստացված պարզաբանումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է Արցախի տարածքում բջջային կապի և ինտերնետի սփռումը:

Սա նախկինում ևս լինում էր, սակայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում Շուշի կամ բռնազավթված այլ տարածքներ: Հիմա, կարծես թե. թողել են այդպես, արդեն մեկ ամիս է որևէ լուծում չի ստանում այդ խնդիրը: Պետական մարմիններից ստացած պարզաբանումներից  ենթադրում ենք, որ տեխնիկական հզորությունների մեծացման անհրաժեշտության կա: Նաև խնդրի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահ զորքերը, երևի թե նրանց միջամտությամբ հնարավոր կլինի հաղթահարել այս խնդիրը»,- նշեց նա:

Գ.Ստեփանյանի ներկայացմամբ, Արցախում շատ լուրջ էներգետիկ անվտանգային խնդիրներ կարող է առաջանալ:

«Հաճախակի հոսանքազրկումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ Արցախն այսօր մեծամասամբ սնուցվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, ինչի հզորությունները չի բավականացնելու Արցախի ամբողջ տարածքը հոսանքով ապահովելուն: Այդ պատճառով պարեբարաբար խափանումներ լինում են: Եթե որևէ հստակ քայլեր չձեռնարկվեն  էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, ապա եկող տարվա աշնանը շատ լուրջ խնդիրների ենք բախվելու: Այս խնդրին ծանոթ է կառավարությունը, նոր ծրագրերի իրականացման համար աշխատանքներ են տարվում»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Նա նշեց, որ Ստեփանակերտում նաև լուրջ է բնակարանային խնդիրները. «Պատերազմից առաջ էլ խնդիր կար, հիմա ավելի խիստ է արտահայտված: Բռնազավթված տարածքների բնակիչների մի մասը տեղավորված են հյուրանոցներում, հանրակացարաններում, մարդիկ բնակվում են քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմաններն ապահոված չեն:  Անվտանգության հետ միաժամանակ բնակարանային հարցը թիվ մեկ խնդիրն է»:

Գեղամ Ստեփանյանը նաև ասաց, որ կորցրել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերի 60 տոկոսը, որոնք հիմնականում օգտագործվում էին հացահատիկային մշակաբույսերի մշակման համար:

«Այս պահին մենք հացի խնդիր չունենք: Ցամաքային կապ ունենք Հայաստանի հետ, եթե նման խնդիրներ լինեն, լուծելի են Հայաստանի միջոցով»,- ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը:

Placeholder
«Արցախում ջրի պակասը պայմանավորված են նաև նրանով, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»