Հայոց Տունը դարձյալ սկսել են քայքայել՝ օգտագործելով տարբեր աղանդների. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հասարակություն
09:15 13/09/2021
Հայաստան

Հայոց Տունը դարձյալ սկսել են քայքայել՝ օգտագործելով տարբեր աղանդների. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Տ.  Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.

«Հայոց Տունը դարերի հոլովույթում հիմնականում դավաճաններն ու հավատուրացներն էին քայքայում ու քանդում, իսկ այսօր՝ 21-րդ դարում Հայոց Տունը փորձում են քանդել ու խորտակել աղանդավորները, որոնք բացառապես օտարին են ծառայում և օտարի քաղաքական ու այլազան շահերն են հետապնդում: Իսկ օտարը մի նպատակ ունի՝ ջնջել Հայաստան անունը և վերացնել աստվածընտրյալ հայոց ազգը: Այս նպատակին հասնելու համար կա միմիայն մեկ արգելապատնեշ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Հայե՛ր, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, արթնացեք, հասկացեք, զգաստացեք. Հայոց Տունը դարձյալ սկսել են քայքայել և նկրտում են խորտակել՝ օգտագործելով տարբեր աղանդների և սրանց արբանյակների, որոնք սպրդել են տարբեր ոլորտներ:

Մեր ազգային ինքնության միջնաբերդը Հայոց Եկեղեցին է՝ ուզեք, թե՝ ոչ: Այսօր բոլորիս սուրբ պարտքն է պաշտպան կանգնել մեր հարզատ Սուրբ Եկեղեցուն, մեր փրկության Տապանին:
Հոգեմտավոր ալեկոծությանց այս վիճակում հարկ համարեցի այս խոսքն ուղղել Ձեզ և արթնության կոչել. պետք է դիմակայել քամիների և փոթորիկների, որոնք բարձրանում են արևմուտքում և գալիս են դեպ Արևելք:

Ամեն անձ, ով իրեն հայ է ճանաչում, ով ապրում է հայ ոգեղինությամբ, ով ապրում է Սուրբ Արարատով՝ թող նա դառնա հոգևոր զինվոր և պատրաստվի մեծ մարտի վասն հոգևոր Հայաստանի, վասն մեր լինելության: Մենք իրավունք չունենք կորցնելու հոգևոր Հայաստանը, քանի որ այն առհավատչյան է մեր փոքրիկ Հայաստանի, մեր գալիքի Մեծ Հայաստանի:

Մեր ջերմ եկեղեցասիրությամբ, մեր գիտակից հոգևոր կյանքով խլացնենք և լռեցնենք բոլոր աղանդավոր կաղկանձները:

Կսիրեմ հուսալ, որ մերօրյա հոգևոր զինվորներիս մարտակից կլինեն մեր բյուրավոր արթուն հայորդիք:

Արթնացե՛ք, հայեր, ելեք և կանգնեցեք, որպեսզի միասնաբար ազատենք մեր Հայրենիքն ու Եկեղեցին սպառնացող վտանգից: Երեկ և այսօր և հավիտյան Հայկյան Տանը որևէ աղանդ տեղ չպետք է ունենա. դրանք ական են մեր Պետականության և մեր հարատևության համար:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Զինվորյալ միաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»։ 

Placeholder