Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, էլի անուններ հաղթանակի հոմանիշ են, լսեք այս անունները. Աղվան Վարդանյան
Քաղաքական
18:17 14/09/2021
Հայաստան

Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, էլի անուններ հաղթանակի հոմանիշ են, լսեք այս անունները. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ՝ նախ նշելով, որ իր հայտարարությունը վերնագիր ունի՝ «Փողն ու իշխանությունը ոչինչ են»:

Իր հայտարարության մեջ նա ասաց. «1999 թվական: Վազգեն Սարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջև: Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն, հանձնարարում է Վազգեն Սարգսյանը:

Մի շաբաթից կանչում է, զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը զեկուցում է՝ իմ ցանկում հինգ հոգի էին: Չորսի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց ենք կազմել, կվճարեն: Հինգերորդի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ էսպես-էսպես, պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ...

Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Վազգեն Սարգսյանը: Այո, այդպես էլ ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում: Բարև ձեզ, պարոն վարչապետ, ասում է նախարարը: Բարև ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։ Մյուսն էլ է բարևում: Վրան չի նայում, սենյակում այդպիսի մարդ չկա, գոյություն չունի: Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ,  պետության...

Մյուսը փորձում է՝ թույլ կտաք, պարոն վարչապետ... Չկա, վրան չի նայում, գոյություն չունի:
Դուք ուժային նախարար եք, չէ՞: Այո, պարոն վարչապետ: Գնդակահարել: Ազատ եք: 

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում, հատակը, կարծեմ, թաց է: Կատարել պարոն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը:

Նախարարը շրջվում է, որ դուրս գա: Այս աղբն էլ հետդ տար, ասում է Վազգեն Սարգսյանը:

Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր:

Զի՞նչ ցուցանե պատմությունս: Անցել է 22 տարի: Մարդիկ դուխավորվել են: Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին, մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ, ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։

Ձեզ համարձակության համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե խառնել եք՝ ի՞նչ է պետությունը, ի՞նչ է բիզնեսմենը»:

Նա նշեց, որ սա հարցի մի կողմն է, երկրորդն էլ կա.

«Վազգեն Սարգսյանն ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության: Իրականում՝ հանուն փողի և իշխանության:

Միջանկյալ մի հարց էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաև Հայաստանի կառավարություն:

Չեք հաջողելու ոչնչացնել սիմվոլները։ Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։

Այս կարճ խոսքի մեջ ես տասնմեկ անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի։ Այս երկու անունները և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են։ Լսեք այս անունները, որ սրանից հետո տասներեք անգամ մտածեք խոսելուց առաջ»:
 

Placeholder
Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, էլի անուններ հաղթանակի հոմանիշ են, լսեք այս անունները. Աղվան Վարդանյան