ԱՄՆ-ը COVID-19 գագաթնաժողովի ժամանակ աշխարհի բնակչության 70%-ին պատվաստելու թիրախ է առաջարկելու
Աշխարհում
11:12 15/09/2021
Աշխարհ

ԱՄՆ-ը COVID-19 գագաթնաժողովի ժամանակ աշխարհի բնակչության 70%-ին պատվաստելու թիրախ է առաջարկելու

COVID-19-ի համաճարակի առաջիկա գագաթնաժողովին Միացյալ Նահանգները մտադիր են հասնել այն գիտակցության, որ վարակի տարածումը հաղթահարելու համար աշխարհի բնակչության 70%-ը պետք է պատվաստվի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «The New York Times»- ը:

Ըստ պարբերականի, Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը հաստատել է, որ ԱՄՆ-ը թիրախավորում է երկրագնդի բնակչության 70 %-ի պատվաստումը:

Սեպտեմբերի 22-ին նախատեսված է միջազգային գագաթաժողով՝ նվիրված COVID-19 համաճարակի դեմ պայքարին և գլոբալ պատվաստումներին:

«Գագաթաժողովի ընթացքում նախագահ Բայդենը կոչ կանի պետությունների ղեկավարներին, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, գործարարներին, բարեգործական և ոչ կառավարական կազմակերպություններին՝ հավաքվելու և պարտավորություն ստանձնելու՝ դադարեցնել COVID-19 համաճարակը»,-ասվում է գագաթնաժողովի հրավերի մեջ, որը հասանելի է դարձել «The Washington Post»-ին:

Սպասվում է, որ գագաթաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով:

Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ գագաթնաժողովին մասնակցող երկրները խոստանան, որ COVAX-ը (պատվաստանյութերի առկայության գլոբալ մեխանիզմը) պետք է լինի պատվաստանյութերի բաշխման առաջնային միջոցը:

Միևնույն ժամանակ, Բայդենի թիմի նպատակն է համոզել ավելի հարուստ երկրներին նվիրատվություն կատարել և ոչ թե վաճառել հավելյալ պատվաստանյութ, նշում է պորտալը:

Ըստ Axios-ի աղբյուրների, ԱՄՆ-ը մտադիր է գագաթնաժողովին հրավիրել նաև Ռուսաստանին եւ Չինաստանին:
 

Placeholder