Սահմանների ամրապնդում, լայնածավալ զորավարժություններ. ինչ են համաձայնեցրել ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում
Քաղաքական
17:38 16/09/2021
Աշխարհ

Սահմանների ամրապնդում, լայնածավալ զորավարժություններ. ինչ են համաձայնեցրել ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցող երկրներն այսօր պայմանավորվել են ամրապնդել կազմակերպության հարավային սահմանները Աֆղանստանում իրավիճակի ֆոնին: Մեկ ամսից նրանք մի շարք լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում: Այս մասին գրում է Tass-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ինքնամեկուսացման պատճառով հանդիպմանը մասնակցել է տեսակապով, հայտարարել է, որ «մեղմ ասած, Աֆղանստանից արևմտյան զորքերի հապճեպ» դուրսբերումը հանգեցրեց նրան, որ ՀԱՊԿ-ի համար առաջ եկան «նոր, իսկապես» սուր մարտահրավերներ և ռիսկեր»:

Գագաթնաժողովի մասնակիցների հիմնական հայտարարություններն ու որոշումները

Աֆղանստան

Հավաքական անվտանգության խորհուրդը, որի մեջ մտնում են ՀԱՊԿ երկրների ղեկավարները, կոչ է արել «հակամարտության մեջ ներգրավված բոլոր աֆղանական կողմերին հնարավորինս արագ սկսել խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններ»: Կազմակերպությունը նպատակահարմար է համարում «օգտագործել առկա բանակցային հնարավորությունները», ներառյալ ընդլայնված «եռյակի» մեխանիզմը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան և Պակիստան) և մոսկովյան ձևաչափը:

ՀԱՊԿ-ը կարագացնի տաջիկ-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակային ծրագրի ընդունումը, և մեկ ամսից Տաջիկստանում մի շարք լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ իրավիճակի սրման դեպքում գործողություններ կատարելու համար:

ՀԱՊԿ-ը հստակեցրեց օպերատիվ տեղակայման ծրագիրը և Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմը և ընդունեց դրանք ժամանակակից զինատեսակներով, ռազմական և հատուկ տեխնիկայով վերազինելու ծրագիրը:

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ իրավիճակը Աֆղանստանում «զարգանում է դեպի լուրջ ապակայունացում՝ հղի քաղաքացիական պատերազմով»:

Արտաքին քաղաքականություն

Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ՀԱՊԿ երկրները վերահաստատեցին իրենց «միասնությունն ու վճռականությունը՝ հետևողականորեն աշխատելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խորացնել կազմակերպության երկրների արտաքին քաղաքական համակարգումը և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև թարմացնել «ճգնաժամին արձագանքման մեխանիզմները»:

Հռչակագրում նշվում է, որ ՀԱՊԿ-ը կուժեղացնի համագործակցությունը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵԱՀԿ-ի հետ՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»:

Բացի այդ, կազմակերպությունը կունենա խաղաղապահության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտ:

Կազմակերպության ներսում

ՀԱՊԿ երկրները կստեղծեն ռազմական ոստիկանության, քննիչների, դատախազների և դատարանների (տրիբունալների) համագործակցության մեխանիզմ՝ այն անձանց դեմ գործերով, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի կազմավորումներում:

Կողմերը պայմանավորվել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական ձեռնարկությունների համագործակցությանը: Ավելի վաղ կազմակերպության անդամները նախապես հաստատել էին ռազմաարդյունաբերական համալիրում համագործակցության ռազմավարությունը. նախատեսվում է պատրաստել կոնկրետ համաձայնեցված առաջարկներ մինչև 2022 թվականը:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է մշակել գործողության մեխանիզմ ՀԱՊԿ անդամ մի երկրի կողմից մյուսի վրա հարձակման դեպքում: Նա կրկին ուշադրություն է հրավիրել հանրապետության՝ Տաջիկստանի հետ սահմանին շարունակվող լարվածության վրա:
 

Placeholder
Սահմանների ամրապնդում, լայնածավալ զորավարժություններ. ինչ են համաձայնեցրել ՀԱՊԿ երկրների ղեկավարները Դուշանբեում