Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան
Քաղաքական
17:43 17/09/2021
Հայաստան

Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան

44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներ, հարազատներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելու կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:

«Հերոս տղաների ծնողները հանդես եկան հայտարարությամբ կամ գրառումներով, կոչ արեցին գունագեղ շոուն, հրավառությունը չեղարկել: Դրանից հետո արձագանքն այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, հրավառությունը հանեցին, ուրախ կատարումները հանեցին և այլն: Բայց երևույթը…»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում:

Նա նշեց, որ որևէ մեկը չի ասում՝ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի, խնդիրն այն է, որ  գունագեղ շոուներով, մեծածավալ ծախսատար միջոցառումներով նշել Անկախության տոնը այն դեպքում, երբ 6 օրից պատերազմի առաջին տարելիցն է, տղաների շիրիմները թարմ են, դեռ կան գերիներ ու անհետ կորած հարյուրավոր տղաներ, որոնց փնտրում են, անընդունելի է:

«Այս իրավիճակում նման մեծածավալ շոու կազմակերպեն, իրոք, անընդունելի է: Կարելի էր խորհրդակցել, եթե իրենք չէին պատկերացնում կամ գնահատում առկա իրողությունները, հերոս տղաների, գերիների ծողների հետ, հարցնել նրանց տեսակետը, թե ինչ են մտածում այդ ամենի մասին»,- ասաց Գ. Նազարյանը:

Նա նշեց, որ կապ չունի, թե ինչ երաժշտություն է հնչելու, այս իրավիճակում մեծածավալ ճոխ միջոցառում նշելն ինքնախաբեություն է:

Գեղամ Նազարյանի խոսքով, պետք է բոլորովին այլ ձևաչափով կազմակերպել անկախության տոնը:
«Փորձ արվեց աշխարհին և հարևան երկրներին ասել՝ գիտեք, այս ժողովուրդը մոռացել է ամեն ինչ, հաշտվել է առկա իրողությունների հետ, հիմա էլ քեֆ-ուրախություն է անում: Ճնշումների հետևանքով հրավառությունը հանվեց, մնաց սիմֆոնիկ երաժշտությունը, բայց …: Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելու»,- ասաց նա: 

Գ. Նազարյանն ասաց՝ այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար ու ռաբիս հրավառությամբ: 

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եղբայր զոհվել է հոկտեմբերի 24-ին, հիմա Եռաբլուրում է իր ընկերների մոտ:

«Բացի եղբորս կորստից, կորցրել եմ իմ հայրենիքը, իմ հայրենի քաղաքը, որտեղ կյանքի 20 տարիներն եմ անցկացրել: Իմ եղբայրը պաշտպանելով մեր քաղաքը՝ նրա գործն էլ, սուրբ պարտքն էլ դարձավ առ ոչինչ:

Հիմա այսօր ներկա իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ նրանց հիշատակի առթիվ կազմակերպում է գունագեղ տոնախմբություն: Իհարկե, կարող էին կազմակերպել ինչ ուզում էին, թող անեին, բայց ոչ զոհվածների հիշատակը պղծելով: Իրենք ծիծաղում են մեզ վրա, իրենք այդ շիրիմների, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում են, որերորդ անգամ պղծում են, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:

Զոհված զինծառայողի քույրը հայտնեց, որ վաղը ժամը 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիաները՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնախմբությանը։

Placeholder
Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան