Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
Քաղաքական
15:58 17/09/2021
Հայաստան

Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվոր տուն վերականգնողական կենտրոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ի կատարումն «Պատիվ ունեմ» խմբակցության որոշման Արթուր Վանեցյանը այսօր ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին պարգևատրելու ԱԺ նախագահի որոշման առնչությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝ զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»։
 

Placeholder
Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին