Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
Տնտեսություն
18:39 25/09/2021
Հայաստան

Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ

Օրերս Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հաղորդագրություն տարածեց, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի  գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և  «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Թե ի՞նչ սարքի կամ նյութի մասին է խոսքը, Panorama.am-ը զրուցեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և Կենդանաբանության Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանի հետ։

Նրա խոսքով՝ նյութը, որի մասին հայտնում են գիտնականները, կարող է մաքրել Սևանա լիճը  Cyanophyta խմբին պատկանող ջրիմուռներից՝ կլանելով դրանք։ 

«Այն հրաբխային կառուցվածք ունեցող գոյացություն է։ Հայաստանում այդ նյութը կա , բայց  չի օգտագործվում։ Անցյալ տարի մեզ մոտ նախապատրաստական հետազոտական փուլ էր, իսկ այս տարի, բարեբախտաբար, այդպես հզոր բռնկում չեղավ լճում, որպեսզի նյութը լցնեինք լիճ և փորձեինք։ Լճից վերցրել էինք «ծաղկած» նմուշներ և այդ փոշանման նյութով մաքրել։ Արդյունքում ջուրը մաքրվեց  և «ծաղման» էլեմենտներ չհայտնաբերվեցին։ Հասել էինք այն փուլին, որ մասնագետները պետք է ակտիվացնեին և ափերում գործածեինք այն՝ տեսնելու իրական էֆեկտը։ Սակայն դրա համար պետք էր, որ լճի ամբողջ ափերը ծաղկած լինեին։ Սա տեխնոլոգիա է,որը կմաքրի կամ կլինի «ծաղկման» դեմ պայքարի միջոց»,- ասաց գիտնականը։

Լուսինե Համբարյանի խոսքով՝ Հայաստանում այս մեթոդը նորություն է, մեր ջրային համակարգերում դեռևս չի կիրառվել և պրակտիվ փորձարկում չի ստացել։

Ըստ մասնագետի՝ եթե հաջողվի, ապա այն կլինի ամենաարդյունավետ և անվնաս տեխնոլոգիան,որը կմաքրի ջուրը։

«Դա և′ տնտեսապես է շահավետ, և′  բնական նյութ է, այսինքն՝ չունի արհետական ծագում։ Հանքային տարածքներում կան այդ նյութերը, քանի որ ունեն հանքային բաղադրություն։ Ծակոտկեն է և հաճախ օգտագործվում է շինարարության մեջ։Կարող ենք ասել, որ շրջակա միջավայրի համար անվնաս է  և տնտեսապես շահավետ, էժան տեխնոլոգիա է լիճը մաքրելու համար»,- ասաց նա։

Համբարյանն ասում է, որ նորարությունը կփորձարկեն գալիք տարում, եթե նորից ակտիվ «ծաղկում» նկատվի լճում։

Այսուհանդերձ, նրա համոզմամբ՝ սա չի նշանակում , որ պետք է շարունակել լիճն աղտոտել կամ քայլեր չպետք է ձեռնարկվեն՝ մաքրման կայաններ տեղադրելու համար։

Սևանա լիճը մեր ունեցած հարստությունն է, պետք է աշխատել և հնարավոր ու անհնարինն անել՝ լիճը փրկելու և բազում խնդիրներից ազատելու համար։

Placeholder
Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ