Հոգեհանգստյան արարողություն և լռության րոպե՝ Հայաստանում և Արցախում
Օրվա թեմա
09:00 27/09/2021
Հայաստան

Հոգեհանգստյան արարողություն և լռության րոպե՝ Հայաստանում և Արցախում

Հայաստանի Հանրապետությունում այսօր ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։

Մինչ այդ՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։

Ժամը 11։30-ին մեկ րոպե լռություն կհայտարարվի Արցախի Հանրապետությունում։ Ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Պատերազմը տևել է 44 օր՝ ավարտվելով նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով, հայկական կողմն ունի հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ։ 

 

Placeholder
Հոգեհանգստյան արարողություն և լռության րոպե՝ Հայաստանում և Արցախում